«Մենք» դաշինքը դեկտեմբերի 3-ի քարոզարշավը սկսել է Երևանի կենտրոնում, թեկնածուները մարդկանց կարկանդակներ են բաժանել։
«Մենք մեր կարկանդակները և մեր եղածը կիսում ենք նաև մեր ժողովրդի հետ», - ասել է «Մենք» դաշինքի ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Խաչատուր Քոքոբելյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Քոքոբերյանը նշել է, որ իրենց ծրագիրը տարբերվում է բոլոր քաղաքական ուժերի՝ այդ թվում իշխանության, ծրագրերից, և «Իմ քայլը» դաշինքին հրավիրել է բանավեճի ցանկացած հարթակում։
«Ես հստակ առաջարկում եմ բանավեճ «Մենք» դաշինքի լիդերների և իշխանության միջև։ Ինչո՞ւ, որովհետև մյուս քաղաքական ուժերի արտաքին քաղաքականության ծրագիրը և տնտեսական շատ-շատ կետերում էապես չի տարբերվում իշխանության ծրագրից», - հստակեցրել է Խաչատուր Քոքոբելյանը։
Քոքոբելյանը հավելել է նաև, որ հանրապետականները չեն կարող ընդդիմություն լինել, «որովհետև նրանք իշխանություն էլ չեն եղել, նրանք եղել են հանցագործ իշխանություն»։ «Պնդում եմ, որ այսօրվա իշխանությունները և Հանրապետական կուսակցությունը միասին, կարծես թե, ստեղծում են այդպիսի վիճակ: Որովհետև այսօրվա իշխանությանը շատ ձեռնտու է ունենալ Հանրապետական կուսակցության պես ուժ, եթե կարելի է նրանց քաղաքական ուժ հիմա համարել: Թեկուզ այնտեղ կան շատ արժանապատիվ նաև քաղաքական գործիչներ, բայց միևնույն է այսօրվա, այս 20 տարվա այս մղձավանջային վիճակը Հայաստանում ապահովել էին Հանրապետական քաղաքական ուժը և իր սպուտնիկների հետ միասին»։
ԱԺ արտահերթ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ին: