5 դեկտեմբերի 2018 - 14:38 AMT
Նախագահ. Բիտովն իրավամբ վայելում էր հայ ազգի անկեղծ հարգանքն ու սերը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել հայտնի ռուս գրող, Երևանի պատվավոր քաղաքացի Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ:

«Հայաստանը կորցրեց իր ամենահավատարիմ, վստահելի ու նվիրված ընկերներից մեկին: Անդրեյ Բիտովն իրավամբ վայելում էր հայ ազգի անկեղծ հարգանքն ու սերը: Ցավակցություն եմ հայտնում Անդրեյ Բիտովի ընտանիքի անդամներին ու հարզատներին, ընթերցողներին ու նրա տաղանդի երկրպագուներին»,-ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Նախագահը հավելել է, որ Բիտովը հեռացավ կյանքից, սակայն մեզ հետ են մնում նրա գրքերը, որոնք մարդկանց պարգևում են բարեկամություն, սեր ու բարություն:

Դեկտեմբերի 4-ին Մոսկվայում 81 տարեկանում մահացել է անվանի ռուս գրող, Երևանի պատվավոր քաղաքացի, «Հայաստանի դասերը.Ուղեգրություն»հայտնի գրքի հեղինակ Անդրեյ Բիտովը:

1960-ականների վերջին Անդրեյ Բիտովը, որն այն ժամանակ ընթերցողին այնքան էլ հայտնի չէր, մտադիր էր գրել Ճապոնիայի մասին: Սակայն խորհրդային իշխանությունների հետ հակասությունների պատճառով նրան թույլ չէին տալիս արտասահման մեկնել և նա եկավ Հայաստան ու գրեց «Հայաստանի դասերը» գիրքը:Բիտովը ԽՍՀՄ գրողներից առաջինն էր, որ բացահայտ խոսեց Հայոց ցեղասպանության մասին և դատապարտեց այն: