12 դեկտեմբերի 2018 - 17:17 AMT
Էրդողան. Թուրքիան նոր ռազմական գործողություն է սկսում Սիրիայում

Թուրքիան մի քանի օրից ռազմական գործողություն կսկսի Սիրիայի տարածքում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ժամանակն է կյանքի կոչել մեր որոշումը Եփրատից դեպի արևելք բոլոր ահաբեկչական խմբերն արմատախիլ անելու վերաբերյալ»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ռազմական գործողությունը կնպաստի Սիրիայի ճգնաժամի քաղաքական հանգուցալուծմանը: Էրդողանը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր մեկ ամսում ազատել այդ տարածքը ավազակային կազմավորումներից: «Անկարան հուսով է, որ այդ խոստումը կկատարվի»,-ասել է նա, հայտնում է «Վեդոմոստին» «Անադոլու գործակալության վրա հղումով:

Ըստ Էրդողանի, Սիրիայի հյուսիսում, որը սահմանակից է Թուրքիայի հարավին, ահաբեկիչներին ենթակա գոտի ստեղծելու փորձեր են արվում:

ՌԴ-ն և Թուրքիան սեպտեմբերին պայմանավորվել էին ապառազմականացված գոտի ստեղծել Իդլիբում: Կողմերը պետք է թույլ տային ծայրահեղական գրոհայիններին հեռանալ գավառի տարածքից: Նոյեմբերին իրավիճակն Իդլիբում սրացավ: Նոյեմբերի վերջին գրոհայինները ապառազմականացված տարածքից ռմբակոծեցին Հալեպի գավառը: