ՄԻՊ աշխատակիցները, այդ թվում բժիշկը պարբերաբար այցելում են կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ օրեր առաջ անձամբ է այցելել ու առանձնազրույց ունեցել գեներալի հետ։
«Կարող եմ հայտնել այն, որ մենք արձանագրել ենք առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա»,-նշել է Արման Թաթոյանը, հայտում է Paorama.am-ը:
Առանձնազրույցի արդյունքներով ՄԻՊ-ը գրություններ է ուղարկել քրեական հետապնդման մարմին և արդարադատության նախարարություն։
Ավելի վաղ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասել էր, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը գնալով վատանում է։
Դեկտեմբերի 12-ին դատարանի որոշմամբ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։
Մանվել Գրիգորյանը կալանավորված է հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: