18 դեկտեմբերի 2018 - 11:13 AMT
Ալիև. Ադրբեջանը զենքի ու ռազմատեխնիկայի ներկրման բազմաթիվ պայմանագրեր է կնքել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հերթական ռազմատենչ հայտարարություններով՝ նշելով, որ երկրի հզոր ռազմական ներուժը ղարաբաղյան հակամարտության «կարգավորման հիմնական ասպեկտն է»:«Առկա տեխնիկան և սպառազինությունը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ և մեծ ավերիչ ուժով ոչնչացնել ցանկացած ռազմական թիրախ»,-ասել է Ալիևը, հայտնում է Interfax.az-ը:

Նա հավելել է, որ Ադրբեջանը կշարունակի հզորացնել իր բանակը: «Մենք բազմաթիվ պայմանագրեր ենք կնքել, որի արդյունքում կներկրվի ամենաարդիական սպառազինություն և տեխնիկա»,-ասել է նա:

Ադրբեջանի ռազմարդյունաբերության փոխնախարար Յահյա Մուսաևի իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանում ռազմական արդյունաբերության ծավալները վերջին 11 տարում ավելացել են մոտ 33 անգամ։

Կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորել է զինված ուժերի մարտունակության բարձրացումը՝ հավելելով, որ դրա համար հարկավոր է 2.5 մլրդ դոլար ներդնել:«Մենք ասել ենք, որ հինգ տարվա ընթացքում բանակը զարգացնելու համար պետք է կարողանանք մոտ 2.5 միլիարդ դոլար ներդնել: Այդ միջոցները գտնելու համար պետք է լրջագույն աշխատանքներ տանել: Խոսքը հավելյալ մրջոցների ներդրման մասին է»,- ասել է։