Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակելու մասին՝ դա նորվեգացի Ուլե Գուննար Սուլշերն է:
Սուլշերի հետ պայմանագիրը գործելու է մինչև ընթացիկ խաղաշրջանի ավարտը, քանի դեռ ակումբը «մշտական գլխավոր մարզչի է փնտրում», գրում է «Վեդոմոստին» ակումբի վրա հղումով:
Նրան օգնելու են Մայք Ֆելանը, Մայքլ Քարիկը և Քիրան Մաքքենան: Սուլշերը հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 1996-2007թթ.: Նա նաև ղեկավարել է ակումբի պահեստային թիմը: Մինչ նշանակումը Սուլշերը նորվեգական «Մոլդեի» գլխավոր մարզիչն էր:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ազատվել է աշխատանքից: «Մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել նրան «Մանչեսթեր Յունայթեդում» իր կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում»,-ասվում է ակումբի հայտարարության մեջ: Լուրեր են շրջանառվում, որ ակումբը պայմանագիրը վաղաժամ խզելու համար Մոուրինյոյին 24 մլն ֆունտ է վճարելու:
Մոուրինյոն գլխավորեց ՄՅՈւ-ն 2016-ի ամռանը և 2,5 տարում 3 տիտղոս նվաճեց թիմի հետ: Նախկինում նա աշխատել է նաև «Պորտուում», «Չելսիում», «Ինտերում» և Մադրիդի «Ռեալում»: