«Սանիթեք» ընկերությունը չունի տեխնիկայի այն քանակը, որը պետք է Երևան քաղաքը լիարժեք սպասարկելու համար: Այդ մասին Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Բազմիցս այցելել ենք «Սանիթեք» ընկերություն, ստուգել ենք իրենց տեխնիկան, թե ինչ վիճակում է, արդյոք ունեն բավականաչափ քանակ կուտակած աղ և արդյոք աշխատուժը կբավարարի ձմռան ընթացքում աշխատանքներն իրականացնելու համար, թե ոչ»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
«Կարող եմ վստահեցնել, որ տեխնիկայի այն քանակը, որը պետք է Երևան քաղաքը լիարժեք սպասարկելու համար, «Սանիթեք» ընկերությունը չունի։ Տեխնիկան պակաս է այս պահին», - ասել է Հայկ Մարությանը։
Նա տեղեկացրել է, որ բանակցել են «Սանիթեք» ընկերության հետ, որպեսզի այն ունենա ենթակա ստորաբաժանումներ, որոնք իրենց վրա կվերցնեն այս կամ այն վարչական շրջանը։
Երևանի ավագանու դեկտեմբերի 21-ի նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը քննադատել է գործող քաղաքապետ Հայկ Մարությանին՝ նախընտրական խոստումները չկատարելու համար: Նա հիշեցրել է, որ Մարությանը իր նախընտրական ծրագրում խոստացել էր աղբահանությունն իրականացնող երկրորդ օպերատորին ներգրավել:
«Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին ֆլեշ-մոբ իրականացնել՝ ֆեյսբուքում հրապարակելով աղբակույտերի լուսանկարներ: Դուք պետք է արթնանաք և քնեք աղբի լուսանկարներ նայելով»,- ասել է Սամսոնյանը Մարությանին: