1 հուլիսի 2008 - 14:58 AMT
Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Բիշքեկ ԱՊՀ եւ ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների նիստերին մասնակցելու նպատակով
Հուլիսի 1-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն)` մասնակցելու հուլիսի 2-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նիստի ընթացքում կքննարկվեն եւ կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառի, այդ թվում նաեւ հակաօդային պաշտպանության, ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի օդանավերի թռիչքների անվտանգության, ռազմագիտական տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման եւ այլ ոլորտների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր:

Այցի ընթացքում տեղի կունենա նաեւ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալի նշանակման հարցը:
ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարներին կընդունի նաեւ Ղրղզստանի Հանրապետության նախագահ Կ.Բակիեւը: