1 հուլիսի 2008 - 15:30 AMT
ՎՈՒԱՄ-ը ձգտում է Եվրամիության հետ մերձեցման
ՎՈՒԱՄ-ը եվրոպական կազմակերպություն է եւ ձգտում է Եվրամիության հետ մերձեցման: Այդ մասին Բաթումում հայտարարել է ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին: «Մենք քաղաքակիրթ հարաբերություններ ենք կառուցում մեր տարածաշրջանային կազմակերպության շրջանակներում, քանի որ ցանկանում ենք համապատասխանել բարձր չափանիշներին»,-ընդգծել է նա: Չեչելաշվիլին ընդգծել է, որ ՎՈՒԱՄ-ը այնպիսի կազմակերպությունների թվին է դասվում, որտեղ հարաբերությունները բնութագրվում են «ըմբռնման եւ քաղաքակրթության բարձր մակարդակով», հաղորդում է ադրբեջանական «Թրենդը»:

Այսօր Բաթումում բացվել է ՎՈՒԱՄ կազմակերպության գագաթաժողովը, որի անդամ են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջան եւ Մոլդովան: Բաթումի գագաթաժողովը անցնելու է «Ինտեգրելով Եվրոպայի արեւելքը» կարգախոսով: Ծրագրված է տարբեր բնույթի աշխատանքային խմբերի նիստերի անցկացում: Պետությունների ղեկավարներն ընդունել են Բաթումի հռչակագիրը: Բացի այդ, նրանք հավանություն են տալու պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարությանը ՎՈՒԱՄ-ի տրանսպորտային միջանցքի զարգացման համար երկրների տրանսպորտային ներուժն օգտագործելու մասին, ինչպես նաեւ կկնքեն մի շարք միջկառավարական փաստաթղթեր: Գագաթաժողովի արդյունքում, որին մասնակցելու են Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ, հնարավոր է, Մոլդովայի նախագահները, կազմակերպության նախագահությունը Ադրբեջանից կանցնի Վրաստանին