28 դեկտեմբերի 2018 - 16:56 AMT
«Գազպրոմի» ղեկավարն ու ՀՀ փոխվարչապետը քննարկել են 2019-ին ՀՀ բնական գազի առաքման հարցը

Ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ու ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում քննարկել են համագործակցության հարցեր:

Հանդիպմանը քննարկվել է երկկողմ գործակցության հետագա զարգացմանն ու 2019-ին Հայաստան բնական գազի առաքմանն առնչվող հարցեր, հայտնում է «Գազպրոմի» պաշտոնական կայքը:

Կողմերը նաև քննարկել են ՀՀ գազաֆիկացման և գազի ստորգետնյա պահման հետ կապված հարցեր: Նշվել է, որ գազի ստորգետնյա պահեստարանը պատրաստ է 2018/2019 ձմեռային շրջանին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով նույն օրը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունները գազի հարցի շուրջ կինտենսիֆիկացվեն: Խոսելով բանակցությունների ժամկետների մասին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ «դրանք կան՝ մենք ցայտնոտում ենք»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնոկատար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հայտարարել էր, որ գազի թեմայի հետ կապված որոշում չկա: «Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով: Արձանագրվեց, որ դա շատ զգայուն թեմա է երկկողմ հարաբերությունների համար, ինչը գիտակցում են թե՛ ՀՀ կառավարությունում, թե՛ Ռուսաստանում»,-ասել է Փաշինյանը:

Նոյեմբերին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատարԳարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը գազի սակագնի նվազեցման շուրջ բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարության հետ: