29 դեկտեմբերի 2018 - 15:16 AMT
Եգիպտոսում պայթեցրել են զբոսաշրջիկների ավտոբուսը. Կան զոհեր

Դեկտեմբերի 28-ին Եգիպտոսում՝ Գիզայի բուրգից ոչ հեռու, Կահիրեի արվարձանում, պայթել է զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը: Պայթյունի հետևանքով կա 4 զոհ՝ 3 վիետնամցի զբոսաշրջիկն ու եգիպտացի զբոսավարը: Եվս 12 մարդ վիրավորվել է:

Պայթել է ճամփեզրին տեղադրված ռումբը:

Ըստ նախնական տվյալների, ավտոբուսում առնվազն 14 վիետնամցի զբոսաշրջիկ է եղել: Տուժել է նաև ավտոբուսի եգիպտացի վարորդը, գրում է Deutsche Welle-ն:

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Հայտնի է դարձել, որ ավտոբուսի վարորդը շեղվել է անվտանգ երթուղուց՝ չհայտնելով իրավապահ մարմիններին: Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցիչը կատարվածը գնահատել է որպես «վախկոտ ահաբեկչական գործողություն»: Վարչապետ Մուստաֆա Մադբուլին նշել է, որ ահաբեկչություն կա ամբողջ աշխարհում, և անհանգստանալու պատճառ չկա:

Եգիպտոսի իշխանություններն ակտիվորեն դիմակայում են ահաբեկիչներին: Օտարերկրացի զբոսաշրջիկները վերջին 2 տարում առաջին անգամ են հարձակման թիրախ դարձել: