ԱՄՆ և ԿԺԴՀ իշխանությունները քննարկում են երկու երկրների նախագահներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությոնը; Գագաթնաժողովի հավանական վայրը Վիետնամի մայրաքաղաք Հանոյն է:
Երկու երկրների ներկայացուցիչներն արդեն նախնական հանդիպում անցկացրել են՝ քննարկելով հիմնական կազմակերպչական հարցերը, գրում է Lenta.ru-ն Bloomberg-ի վրա հղումով:
Որպես հանդիպման հնարավոր վայր շրջանառվում էին նաև Ինդոնեզիան, Մոնղոլիան, Հավայներն ու Հյուսիսային ու Հարավային Կորեաների սահմանակետ Փհանմունջը:
Հունվարի 6-ին նոր հանդիպման վերաբերյալ բանակցությունների մասին հայտնեց ԱՄՆ նախագահը: Նախկինում նա խոսել էր այդ մասին 2018-ի դեկտեմբերին՝ այն ժամանակ որպես հնարավոր ժամկետ նշվում էր 2019-ի հունվարն ու փետրվարը:
Ակնկալվում է, որ հանդիպմանը խոսվելու է հիմնականում Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափման մասին:
Թրամփի և Կիմ Չեն Ինի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Սինգապուրում 2018-ի հունիսին: Հանդիպման ավարտին կողմերն ընդունեցին համատեղ հայտարարություն, որտեղ ասվում էր, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է լիակատար միջուկային զինաթափման: Ի պատասխան ԱՄՆ-ն պարտավորվել է անվտանգության երաշխիքներ տրամադրել Փհենյանին: