Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում Ամանորին տոնական ճաշացանկ է գործել: PanARMENIAN.Net - ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը ներկայացրեց, թե ինչ են կերել տոներին կալանավորները:
Տոնական ճաշացանկում եղել են ավանդական տոլմա, թարմ մսով խաշլամա, բանջարեղենային աղցան, հավի մսով և բրնձով փլավ, հավապուր, մրգեղեն և մրգային հյութ:
Ի դեպ, դեկտեմբերի 7-ին կալանավորված՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: PanARMENIAN.Net - ը Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանից հետաքրքրվեց՝ արդյոք 2-րդ նախագահին Ամանորի առթիվ սնունդ փոխանցել են։
Օրբելյանը հայտնեց, որ, ըստ օրենքի, ամսվա կտրվածքով կալանավորների մտերիմներին թույլատրվում է փոխանցել մինչև 70 կգ ծանրոցներ՝ բացառությամբ օրենքով արգելված նյութերի:
«Իմ տեղեկություններով, պարոն Քոչարյանին պարբերաբար փոխանցվել են ծանրոցներ», - ասաց նա:
Միևնույն ժամանակ փաստաբանը նկատեց, որ տոնական ոչ աշխատանքային օրերին քրեակատարողական հիմարկների աշխատակիցները նույնպես թեթև աշխատանքային գրաֆիկ են ունեցել, և այդ օրերին, Օրբելյանի տեղեկություններով, ծանրոցներ չեն փոխանցվել: