Անկարան մտադիր է շարունակել պայքարը Սիրիայում գործող քրդական կազմավորումների դեմ, անկախ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Թուրքիային սննկացնելու սպառնալիքներից: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը:
«Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կհարգի մեր ռազմավարական գործընկերությունը, և չի ցանկանում, որ այն ստվերվի ահաբեկչական քարոզչությամբ: Ոչ մի տարբերություն չկա «Իսլամական պետության», ՔԱԿ-ի, «Ինքնապաշտպանության ուժերի» և «Ժողովրդավարական միություն» կուսակցության միջև: Մենք կշարունակենք պայքարը նրանց դեմ»,-գրել է Քալինը Twitter-ում:
Էրդողանի ներկայացուցիչը նաև ասել է. «Թուրքիան պայքարում է ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների դեմ: Մենք պաշտպանելու ենք քրդերին ու մյուս սիրիացիներին ահաբեկչական սպառնալիքներից: Պարոն Թրամփ, ահաբեկիչները չեն կարող լինել ձեր գործընկերներն ու դաշնակիցները»,-հավելել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե երկիրը հարձակվի Սիրիայում քրդական ուժերի վրա: Այս մասին նա գրառում էր արել թվիթերյան իր միկրոբլոգում:Միևնույն ժամանակ, Թրամփը նախազգուշացրել էր քրդերին չսադրել Թուրքիային:
Ավելի վաղ Թրամփի վարչակարգը որոշել է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայի տարածքից: