15 հունվարի 2019 - 12:04 AMT
Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը վերսկսվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։

Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը, հայտնում է Aysor.am-ը։

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն ասել է, որ իրենք խնդրելու են սկզբում քննվի այլընտրանքային խափանման միջոց գրավի միջնորդությունը, այնուհետև՝ նախաքննական մարմնի միջնորդությունը:

«Կպնդենք, որ միջնորդություններն իրար հետ չմիացնեն, քանի որ դրանք տարբեր են, նույնիսկ տարբեր մեղադրանքների են վերաբերում, տարբեր ժամանակահատվածների են վերաբերում։ Պետք է խնդրենք, որ սկզբում քննվի գրավի միջնորդությունը և դրա վերաբերյալ որոշում կայացվի, նոր դրանից հետո քննվի կալանքը երկարացնելու միջնորդությունը, եթե, իհարկե, գրավի միջնորդությունը մերժվի», - ասել է նա:

Հունվարի 14-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանին՝ պատճառաբանելով, որ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը մտերիմ է դատավորի ընտանիքի հետ։ Դատարանը, սակայն, մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կապերը դատավորի ընտանիքի հետ այնքան սերտ չեն, որ ազդեն դատարանի որոշման վրա։