17 հունվարի 2019 - 14:10 AMT
ԵՄ-ն €700 մլն կհատկացնի ՀՀ-ին

Առաջիկա տարիներին Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը €700 մլն կհատկացնեն:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ծրագրերի մեծ մասը վերաբերում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքին: ԵՄ հրապարակված փաստաթղթի համաձայն միջանցքի Արտաշատ-Ագարակ հատվածի շինարարությանը նախատեսվում €450 մլն հատկացնել:

€41 մլն կհատկացվի Գյումրի-Բավրա, ևս €7.5 մլն` Երևան-Վանաձոր ավտոճանապարհների վերանորոգմանը: Բացի այդ, ԵՄ-ն և Համաշխարհային բանկը նախատեսում են մոտ €15 մլն տրամադրել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման համար:

Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը մոտ €13 մլրդ կտրամադրեն` «Արևելյան գործընկերության» ծրագրին մաս կազմող վեց երկրում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և Բելառուսում ենթակառուցվածքային մի շարք լայնամասշտաբ ծրագրեր կյանքի կոչելու նպատակով:

Ծրագրի մեկնարկի մասին ԵՄ-ն հայտարարել է հունվարի 15-ին: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների գծով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի խոսքով՝ ծրագրի ամբողջացումը համատեղ մի հանձնառություն է, որը հնարավորություն կտա զգալի դրական արդյունքներ ապահովել տարածաշրջանի բոլոր բնակիչների համար: