18 հունվարի 2019 - 14:14 AMT
«Մանչեսթեր Յունայթեդը» ճանաչվել է Եվրոպայի ամենահարուստ ակումբը

Ֆուտբոլի ասոցիացիաների եվրոպական միությունը (ՈւԵՖԱ) տվյալներ է հրապարակել ակումբների ֆինանսական վիճակի մասին:

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2017-ի ցուցանիշները, որոնց համաձայն եկամուտների մասով առաջատարն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբն է: Կարմիր սատանաները մեկ տարում 676 մլն եվրո են վաստակել, գրում է Lenta.ru-ն Reuters UK-ի վրա հղումով:

Երկրորդն այդ ցուցանիշով Մադրիդի «Ռեալն» է: Մյունխենի «Բավարիան» երրորդ հորիզոնականում է: Ընդհանուր առմամբ, եվրոպական թիմերի ընդհանուր եկամուտի գրեթե մեկ քառորդը բաժին է ընկնում Անգլիական պրեմիեր լիգայի 20 ակումբին՝ 5,3 մլրդ եվրո:

Ընդ որում «Մանչեսթեր Յունայթեդն» ամենահաջողակ ակումբներից չէ երկրպագուներից ստացվող եկամուտի առումով: Այդ մասով առաջատար կարելի է համարել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենին», որը միջինը 86,9 եվրո է ստանում յուրաքանչյուր երկրպագուից: ՄՅՈւ-ն այդ ցուցանիշով միայն 6-րդն է: