23 հունվարի 2019 - 15:20 AMT
Փաշինյան․ 5-6 մլն դրամ վաստակողներին նախարարի պաշտոն ենք առաջարկում՝ հրաժարվում են

Պետական կառավարման համակարգում աշխատավարձը շատ ցածր է մասնավորի համեմատ, ինչը խանգարում է առավել բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավել։

Այս մասին է հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը աղմուկ բարձրացրած պարգևավճարների մասին խոսելիս։

«Մարդիկ կան՝ հրավիրում ենք նախարար աշխատելու, ասում են՝ 5-6 միլիոն աշխատավարձ ենք ստանում, 450 հազար աշխատավարձով գա՞նք», - ասաց վարչապետը, նշելով, որ նրանք բերում են, օրինակ, վարկային բեռի պատճառաբանումներ։

Փաշինյանն ասել է, որ պարգևավճարներն, ըստ էության, պետաշխատողների աշխատավարձի մասն են, ու եղել է ավանդույթ, ըստ որի ամեն եռամսյակը մեկ պետական համակարգի աշատողները կամ մի մասը ստացել են պարգևավճարներ։

Փաշինյանի բնորոշմամբ, շատ զավեշտալի է հետևել, ինչպես են պատգամավորները քննադատում կառավարությանը կամ մարզպետարաններին պարգևավճարների համար։

«Պատգամավորները չեն ասում, որ նրանք էլ են ստացել այդ 13-րդ աշխատավարձը, որը կարելի է ասել վերջին տարիների ավանդույթն է», - ասել է նա, նշելով, որ անգամ լուծարված խորհրդարանի լուծարված պատգամավորները նույն պարգևավճարը ստացել են։ «Ես նույնպես՝ ԱԺ պատգամավոր լինելու ժամանակ, բոլորի նման, 13-րդ աշխատավարձը միշտ ստացել եմ», - նշել է վարչապետը։

«Ես, երբ ստանձնել եմ վարչապետի պաշտոնը ասել եմ՝ նույն կերպ, համենայն դեպս, վատացնող որոշում չընդունեք, մինչև աշխատավարչձի հարցը չլուծենք», - շեշտել է Փաշինյանը։