24 հունվարի 2019 - 11:52 AMT
Ալումյան․ Քոչարյանը տեղյակ չէր, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ նույն գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանին պաշտպանության նախարար նշանակելիս Քոչարյանը տեղյակ չի եղել, որ վերջինս ՌԴ քաղաքացի է, հայտնում է Ա1+-ը։

Ավելի վաղ Քոչարյանի փաստաբանները հայտնել էին, որ նա տեղյակ չի եղել նաև 0038 հույժ գաղտնի հրամանի գոյությունից։

Ըստ Ալումյանի, Հարությունյանը, նախքան Քոչարյանի կողմից պաշտպանության նախարար նշանակվելը, ՀՀ զինված ուժերում բարձր պաշտոններ է զբաղեցրել։

«Ոչ ոք չէր կարող այդ ժամանակ ենթադրել, որ այդ մարդը (նկատի ունի Միքայել Հարությունյանին), որը այդ պաշտոններն է զբաղեցրել, այդպիսի խնդիր կարող էր ունենալ», - ասել է Ալումյանը։

Ավելի վաղ պարզվել է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է․ այդ երկրի քաղաքացիություն է ունեցել նաև նշանակման պահին, ինչը ՀՀ սահմանադրության կոպիտ խախտում է։ Մանրամասները՝ «Կարող էր արդյոք ՀՀ պաշտպանության նախարարն ունենալ 2-րդ անձնագիր» նյութում։