31 հունվարի 2019 - 17:11 AMT
Պոլիտեխնիկն ու Քյոլնի տեխնիկական համալսարանը կգործակցեն

Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել: Հուշագրի համաձայն` նշված բուհերը կզարգացնեն գիտական համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Փաստաթուղթն ստորագրել են համալսարանի ռեկտոր պրոֆեսոր դր. Շտեֆան Հերցիգը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Արարողությանը ներկա է եղել պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Գերմանական առաջատար ուսումնական հաստատության ղեկավար կազմի հետ և քննարկել է գիտական ոլորտում կապերի զարգացման հեռանկարները:

ՀՀ վարչապետը հանդիպել է Քյոլնի տեխնիկական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո` թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» խորագրով ելույթով:

Քյոլնի տեխնիկական համալսարանը հիմնադրվել է 1388 թվականին: Կենտրոնական Եվրոպայում հիմնադրված վեցերորդ համալսարանն է: Այն իր ուսանողների թվով գերմանական համալսարանների մեջ երրորդն է (Մյունխենի և Հագենի համալսարաններից հետո):