Բրիտանիան, Իսպանիան և Շվեդիան ճանաչել են Խուան Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Եվրամիության համատեղ հայտարարությունը Գուաիդոյին նախագահ ճանաչելու մասին, եթե Մադուրոն չհայտարարի նոր նախագահական ընտրությունների մասին, արգելափակել է Իտալիան, գրում է «Վեդոմոստին» Politico-ի վրա հղումով:
«Մադուրոն մեր սահմանած 8 օրյա ժամկետում չհայտարարեց նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Ուստի Միացյալ Թագավորությունը Խուան Գուաիդոյին է ճանաչում երկրի ժամանակավոր սահմանադրական նախագահ՝ մինչ օրինական ընտրությունների անցկացումը: Հուսով ենք, որ դա վերջ կդնի հումանիտար ճգնաժամին»,-գրել է Twitter-ում Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը:
Նմանատիպ հայտարարություն է արել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը: Գուաիդոյին սատարելու մասին է հայտարարել նաև Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրեմը:
Փետրվարի 3-ին հրապարակվեց եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսի համատեղ հայտարարությունը՝ Վենեսուելայի գծով Միջազգային շփման խմբի առաջին նիստի մասին, որը կայանալու է նախարարների մակարդակով Մոնտեվիդեոյում 2019-ի փետրվարի 7-ին: