6 փետրվարի 2019 - 14:07 AMT
Facebook Messenger-ում արդեն կարելի է ջնջել ուղարկված հաղորդագրությունները

Facebook սոցցանցը հաղորդագրությունների հեռացման նոր գործառույթ է ներմուծել Messenger-ում: Ընկերությունը հայտնել է, որ դրանք հնարավոր կլինի «հեշտությամբ ջնջել» ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում:

Ընդ որում օգտատերը կարող է ընտրել գործառույթը՝ «հեռացնել բոլորի մոտ» կամ «հեռացնել իր մոտ»: Երկխոսության բոլոր մասնակիցները հաղորդագրությունը հեռացնելու մասին ծանուցում կստանան: Գործառույթը հասանելի է բոլոր օգտատերերի համար iOS և Android օպերացիոն համակարգերի վերջին տարբերակներում, գրում է «Կոմերսանտը»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Facebook-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը մտադիր է կապակցել Instagram-ը, WhatsApp-ն (պատկանում են Facebook-ին) ու Facebook Messenger-ը, որպեսզի օգտատերերը կարողանան հաղորդագրություններ փոխանակել՝ մի հավելվածից մյուսին չանցնելով: Այդ մասին հայտնում է The New York Times-ը նախագծի 4 մասնակցի վրա հղումով: