11 փետրվարի 2019 - 17:55 AMT
Իրանը կշարունակի զարգացնել հրթիռային տեխնոլոգիաները

Իրանը կշարունակի բազմապատկել իր ռազմական հզորությունն ու զարգացնել հրթիռային տեխնոլոգիաները: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին: Նա նշել է, որ դրա համար Թեհրանին Արևմուտքի թույլտվությունը հարկավոր չէ:

«Մենք կշարունակենք ավելացնել մեր ռազմական հզորությունը: 40 տարում, և հատկապես վերջին 5 տարում, մեր հնարավորություններն այդ ոլորտում ապշեցնում են աշխարհը»,-ասել է Ռոհանին տոնական միջոցառումների ժամանակ՝ նվիրված Իսլամական հեղափոխության 40-րդ տարեդարձին, գրում է «Կոմերսանտը»:

Նա նշել է, որ անկախ ԱՄՆ և Իսրայելի պատժամիջոցներից, Իրանը շարունակելու է ընթանալ իր ընտրած ուղղությամբ:

Իրանը սեփական հրթիռային ծրագիրը զարգացնում է 1990-ականներից: Իրանը հրաժարվում է բանակցել հրթիռային ոլորտի սահմանափակման շուրջ, ինչի համար էլ քննադատվում է ԱՄՆ և արևմտյան այլ երկրների կողմից: