ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է, որ 2019 թվականին Հայաստանի սպառողների համար գազի գնի բարձրացում չի լինելու:
Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչպես է փոխհատուցվելու գազի գնի բարձրացումը այն դեպքում, երբ դեռ ՌԴ-ում Փաշինյանը հայտարարել էր, որ սուբսիդավորում բյուջեից չի լինելու, վարչապետն ասել է, որ «Գազպրոմ Արմենիայի» առաջ դրվել է օպտիմալացման հարց:
«Պետությունը գազ չի գնում, գազը Ռուսաստանից գնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, իսկ պետությունը գործ ունի Հայաստանի սպառողների հետ և մենք ասել ենք, որ 2019 թվականի ընթացքում գազի գինը չի բարձրանալու: Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դրանք վերաբերում են մեր շահերի պաշտպանությանը: Այդ քննարկումները պետք է իրականացնենք ու պաշտպանենք Հայաստանի շահերը: Մենք այս պահին խնդիր ենք դնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության ու այդ համակարգի օպտիմալացման ու կառավարման արդյունավետության բարձրացման: Այդ ուղղությամբ մենք պետք է աշխատենք», - ասել է Փաշինյանը:
Ավելի վաղ «Գազպրոմն» իր դուստր ձեռնարկություն «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար $15-ով բարձրացրել է գազի սակագինը՝ հասցնելով $160-ի: