23 փետրվարի 2019 - 13:31 AMT
Արգենտինայում մահացել է Ցեղասպանությունը վերապրած 106 տարեկան հայուհին

Փետրվարի 21-ին Արգենտինայում 106 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Լուսին Բերեջիկլյան-Խաչատրյանը, հայտնում է Prensa Armenia-ն:

Նա ծնվել է 1913-ի հունվարի 7-ին Արևմտյան Հայաստանի Այնթափ գավառում, թեև նրա փաստաթղթերում որպես ծննդյան թիվ նշված էր 1909 թվականը:

«Ավելի լավ է ոչինչ չհիշել, եթե հիշեմ, չեմ կարողանա քնել»,- ասել է Բերեջիկլյան-Խաչատրյանը 2015-ին Telefe Noticias-ին տված հարցազրույցում:

Լուսինի հայրը՝ Աբրահամը ոսկերիչ էր: Երբ սկսվեցին հայերի հետապնդումները, նա ավագ որդիներին Սիրիա ուղարկեց՝ Հալեպ: Շուտով Աբրահամը հիվանդացավ, նրա ընկեր թուրքերը փորձում էին սայլ գտնել նրա ընտանիքի համար, որպեսզի նրանք կարողանան փախչել: Սակայն Սիրիայի ճանապարհին զինվորականները խլել են այդ սայլն ու ամբողջ գույքը: Այնուամենայնիվ, ընտանիքին հաջողվել է Սիրիա հասնել, սակայն Հալեպում վախճանվել է Լուիսնի մայրը՝ նա հղի էր:

Առաջին աշխարհամարտից հետո Լուսինի ընտանիքը վերադառնում է հայրենի գյուղ, սակայն այնտեղ միայն ավերակներ է գտնում, իսկ թուրքական իշխանությունները կրկին արտաքսում են նրանց: Լուսինի հայրը որոշում է ընտաիքի հետ Դամասկոս հասնել: Ճանապարհին նրանք մի կնոջ են հանդիպում, որը ողբում էր իր ոդրիների ու ամուսնու մահը: Աբրահամն առաջարկում է նրան խնամել Լուսինին անում է դա մինչև Դամասկոս հասնելը:

Դամասկոսում Աբրահամը մահանում է, իսկ նրա եղբայրները մեկնում են Արգենտինա: Ինքը Լուսինն ավագ քրոջ հետ մնում է Դամասկոսում մինչև16 տարին լրանալը, իսկ հետո ևս մեկնում է Լատինական Ամերիկա, որտեղ Լուսինը սովորում է իսպաներենը: