25 փետրվարի 2019 - 11:13 AMT
Մխիթարյանը՝ գոլի հեղինակ. «Արսենալը» կշարունակի պայքարն ԱՊԼ-ում

Լոնդոնի «Արսենալը» հաղթել է «Սաութհեմփթոնին» անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում:

Հայաստանի հավաքականի և լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել խաղի 17-րդ րոպեին: 6-րդ րոպեին աչքի է ընկել Ալեքսանդր Լյաքազետը, որին գոլային փոխանցում կատարողը նույնպես Մխիթարյանն է եղել:

Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի «Արսենալ» – «Սաութհեմփթոն» խաղում «Էմիրեյթս» մարզադաշտի գովազդային վահանակներին հայտնվեց Հայոց եռագույնը։

Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով:

Խաղից հետո Մխիթարյանը հայտարարել է. «Մենք գերազանց գործակցեցինք հարձակման գծում, բայց, այնուամենայնիվ, պետք է ավելի շատ գոլեր խփենք, քան այս 2 գնդակը: Մենք շատ կարևոր 3 միավոր վաստակեցինք: «Արսենալը» կշարունակի պայքարն ԱՊԼ մրցավազքում»:

Հաղթանակից հետո «Արսենալը» բարելավեց իդ իրքը մրցաշարային աղյուսակում՝ հավաքելով 53 միավոր: «Սաութհեմփթոնը» 24 միավորով մնաց 18-րդ հորիզոնականում: Հաջորդ հանդիպումն ակումբը կանցկացնի «Բորնմուտի» հետ: