25 փետրվարի 2019 - 13:10 AMT
5 տեսախցիկով Nokia 9 PureView սմարթֆոնը ներկայացվել է

Բարսելոնայում փետրվարի 25-28-ը կայանալիք MWC 2019 ցուցահանդեսին ընդառաջ HMD Global ընկերությունը ներկայացրել է երկար սպասված Nokia 9 PureView սմարթֆոնը՝ անսովոր հիմնական տեսախցիկով:

Nokia 9 PureView-ի նորամուտն ակնկալվում էր դեռևս 2018-ի ավարտին, սակայն թողարկումը մի քանի անգամ հետաձգվել է: Մոդելը առաջատար սմարթֆոն է հետին մասում տեղակայված տեսախցիկով, որը հինգ 12 մեգապիքսելանոց մոդուլ ունի Zeiss օպտիկայով, f/1.8 ապերտուրայով, որից երկուսը մոնոքրոմ են: Ֆրոնտալ տեսախցիկը 20 մեգապիքսելանոց է, գրում է Ferra.ru-ն:

Սմարթֆոնը հագեցած է 5,99 դյույմանի POLED դիսփլեյով, Quad HD+ (2880 x 1440 պիքսել) թողունակությամբ և անմիջապես էկրանի վրա գտնվող մատնահետքերի սկանավորմամբ: Ապարատային հիմք է ծառայել Snapdragon 845 պրոցեսորը, 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ: Մարտկոցը 3320 մԱժ ծավալ ունի:

Ջրից և փոշուց պաշտպանությունը նախատեսված է ըստ IP67 չափանիշի: Չափսերն են՝ 155 х 75 х 8 մմ, իսկ քաշը՝ 172 գրամ: Սարքն աշխատում է Android 9 Pie-ով:

Եվրոպայում Nokia 9 PureView-ն վաճառքի կհանվի մարտի սկզբին 699 դոլարով՝ կապույտ երանգով: