26 փետրվարի 2019 - 13:24 AMT
Վենեսուելայի ԶՈւ դասալիքները փախչում են Կոլումբիա

Վենեսուելայում աճում է դասալքության դիմող զինվորականների թիվը, որոնք թաքնվում են հարևան Կոլումբիայում: Ընդհանուր առմամբ ուժային կառույցների արդեն 270 ներկայացուցիչ է «փախել Վենեսուելային ղեկավար Մադուրոյի բռնապետությունից, հայտնում է Կոլումբիայի միգրացիոն գերատեսչությունը:

Դասալիք ոստիկաններն ու զինվորները «պաշտպանություն և օգնություն» են փնտրում Կոլումբիայում, գրում է Deutsche Welle-ն:

Փետրվարի 23-ին և 24-ին սրվեց դիմակայությունը ընդդիմության և Մադուրոյի կառավարության միջև: Վենեսուելայի նախագահը փակել է սահմանները Բրազիլիայի և Կոլումբիայի հետ և ցուցումներ տվել ոստիկանությանն ու զինուժին՝ խոչընդոտելու հումանիտար օգնության առաքմանը բնակչությանը: Փորձելով կասեցնել այդ օգնության ներմուծումը, Մադուրոյին հավատարիմ զինվորականներն արցունքաբեր գազ են կիրառել: Բախումների արդյունքում Բրազիլիայի հետ սահմանին առնվազն 2 մարդ է սպանվել, իսկ Կոլումբիայի հետ սահմանին՝ 100-ավոր մարդիկ են վիրավորվել:

Ինքը Մադուրոն մեղադրում է ԱՄՆ-ին Հարավային Ամերիկայում պատերազմ հրահրելու մեջ: «Նրանք փորձում են ճգնաժամ առաջացնել քաղաքական սրացում հրահրելու նպատակով, որը կարող է արդարացնել ռազմական ներխուժումը Վենեսուելա»,-հայտարարել է երկրի ղեկավարն ամերիկյան ABC News-ին:

Ըստ Մադուրոյի, ԱՄՆ-ի թիրախում Վենեսուելայի նավթն է, հանուն որի «պատերազմ է հրահրվում:

Վաշինգտոնը հայտարարել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյին սատարելու մասին: