28 փետրվարի 2019 - 11:47 AMT
Չինացիները մտադիր են ՀՀ-ում $100 մլն-ի ներդրում անել, 300-400 աշխատատեղ ստեղծել

Չինական «Գուոմինգ» ընկերությունը մտադիր է Հայաստանում կառուցել ժամանակակից պահեստային տնտեսություն, որը կսպասարկի ԵԱՏՄ, ԵՄ և այլ երկրների հետ առևտրային հոսքերը: Այս մասին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանն ասել է ընկերության պատվիրակությանը՝ նախագահ Հե Յուրոնգը:

Բացի այդ, ընկերությունը ցանկանում է Հայաստանում ստեղծել ալյումինի արդյունաբերական գոտի, որտեղ ներկայացված կլինեն ալյումինե ապրանքներ, մասնավորապես, կահույք արտադրող տարբեր ընկերություններ, որոնց արտադրանքը հիմնականում կարտահանվի: Ընդհանուր առմամբ, ներդրումային ծրագրերի ծավալը հասնում է մոտ $100 մլն-ի և նախատեսում 300-400 աշխատատեղի ստեղծում:

Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ներդրումների պաշտպանությանը և, այս առումով նախաձեռնել է ներդրումների պաշտպանության նոր օրենքի մշակում: Նա նաև հավաստիացրել է, որ կառավարությունը կաջակցի չինացի գործարարների բոլոր ծրագրերի իրականացմանը։