1 մարտի 2019 - 10:43 AMT
Ֆրանսիայում Մանուշյանի խմբի հիշատակին միջոցառումներ են անցել

Փետրվարի 21-25-ը Ֆրանսիայում անցկացվել են Միսաք Մանուշյանի խմբի գնդակահարության 75-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ:

Փետրվարի 21-ին՝ Մանուշյանի խմբի գնդակահարության 75-ամյակի օրը, հիշատակի արարողություն է տեղի ունեցել Մոն Վալերիենբլուրի վրա, որտեղ տեղի էր ունեցել գնդակահարությունը: Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի զինված ուժերի պետքարտուղար Ժենեվիեվ Դարյոսեկը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Փետրվարի 24-ին Դիմադրության նախկին մարտիկների և ընկերների ազգային ասոցիացիայի կողմից (Association Nationale des Anciens Combattants et Ami(e)s de la Résistance, ANACR) հիշատակի միջոցառում է կազմակերպվել Փարիզի Իվրիի գերեզմանատանը, որտեղ հողին են հանձնված Միսաք Մանուշյանի, ինչպես նաև իր խմբի մյուս մարտիկների մարմինները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Փետրվարի 25-ին հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կազմակերպվել է ևս մեկ հիշատակի արարողություն՝ նվիրված Միսաք Մանուշյանի խմբին: Միջոցառումը կազմակերպվել էր Դիմադրության հայ նախկին մարտիկների ազգային ասոցիացիայի և հրեական բանակային հոգևորական ծառայության կողմից:

Միսաք Մանուշյանի խմբի հիշատակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել նաև Փարիզի 14-րդ և 20-րդ շրջաններում, ինչպես նաև Մարսել, Վո Ան Վլեն, Ռոման, Վալանս, Գարգան և Շուազի-լը-Ռուա քաղաքներում:

Փետրվարի 15-ին Փարիզում հայկական մշակութային տանը կազմակերպվել էր նաև Մանուշյանի խմբի մասին պատմող «Ազատության պարտիզանները» ֆիլմի ցուցադրությունը: Հիշատակի միջոցառումներին ներկա են գտնվել նաև հայ համայնքի և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Լիոնում և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունների ներկայացուցիչները:

Միսաք Մանուշյանը ծնվել է 1906թ․ Արևմտյան Հայաստանի Աղիյաման հայկական գյուղում։ 1915թ․ Հայոց ցեղասպանության ժամանակ զրկվելով ծնողներից, հայտնվել է Սիրիայի ֆրանսիական մանկատանը, որտեղ և սովորել է ֆրանսերեն ու ծանոթացել ֆրանսիական մշակույթին։ 1925թ․ տեղափոխվելով Ֆրանսիա, նա ակտիվ գործունեություն է ծավալել՝ հայերին իր շուրջը համախմբելով, գրական ամսագրեր հրատարակելով, անմասն չմնալով Ֆրանսիայի կյանքում տեղի ունեցող իրադարձություններից։

Նացիստական զորքերի կողմից Ֆրանսիայի բռնազավթումից հետո Մանուշյանը ստեղծել է Ֆրանսիական դիմադրության շարժման ինտերնացիոնալ խումբ, սակայն նրան խմբի հետ միասին ձերբակալել են 1943թ․ և երեք ամիս անց գնդակահարել։ Մանուշյանն ընդամենը 37 տարեկան էր։