4 մարտի 2019 - 10:46 AMT
Սողոմոնյան. Բանակն օգտագործվել է, բայց չի կիրառվել Մարտի 1-ին

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերն օգտագործվել են, հայտնում է «Առավոտը»:

«Փաստում եմ՝ ինչպես և պարոն Տոնոյանը, այո, բանակն օգտագործվել է: Բայց բանակը չի կիրառվել: Սրանք տարբեր հասկացություններ են, որոնք մեր Հատուկ քննչական ծառայությունը հաջողությամբ մանիպուլացնելով օգտագործում է: Այո, բանակն արտակարգ դրության ռեժիմի իրացման ժամանակ օգտագործվել է՝ դա փաստ է, և դա ոչ ոք չի ժխտում», - ասել է Սողոմոնյանը:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ ՀՀ զինված ուժերն օգտագործվել են Մարտի 1-ի դեպքերին:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է քաղաքական գործընթացներին զինված ուշերի ներգրավմամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: