7 մարտի 2019 - 15:43 AMT
Զախարովա. ՌԴ դիրքորոշումը ԼՂ հարցում չի փոխվել

Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում:

Զախարովան այդպես է արձագանքել ադրբեջանցի լրագրողուհու բավականին երկար և պատմական անդրադարձ պարունակող հարցին այն մասին, թե արդյոք կարգավորման շուրջ բանակցությունները պետք է առանց որևէ նախապայմանի անցկացվեն, հայտնում է «Sputnik Արմենիան»:

«Ձեր բավականին երկար հարցին ես բավականին կարճ պատասխան կտամ: Մեր դիրքորոշումը չի փոխվել և բոլորին լավ հայտնի է»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցություններին անհրաժեշտ է Արցախի մասնակցությունը:«Տարածաշրջանի բնակչությանը հակամարտության խաղաղ կարգավորմանը պատրաստելու համար ես հայտարարել եմ, որ կարգավորումը պետք է հաշվի առնի բոլոր երեք կողմերի շահերը՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի: Ես քննադատության եմ արժանացել հայ հասարակության և լրատվամիջոցների կողմից, քանի որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է նույնպես վարվել: Ավելին, նրա ագրեսիվ հռետորաբանությունը բացասական ազդեցություն է ունենում խաղաղությանը պատրաստելու իմ ջանքերի վրա և վնասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին», - ասել էր Փաշինյանը։