ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանի մոտ մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:
Մարտի 8-ին ՀՀ քաղաքացին «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով բարձրացել է քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ ու տեւական ժամանակ կայանել դռների դիմաց:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ մարտի 8-ին, ժամը 17։20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մի տղամարդ Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ 55 QD 553 «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի վրա բենզին է լցրել եւ ուզում է այրել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի դռների մոտից, խուլիգանության համար բաժին են ներկայացրել Նոր-Նորքի բնակիչ, 36-ամյա Ռոմիկ Ջ․-ին։
Ձեռնարկված միջոցառումներով պարզել է, որ Նիվայի վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ ցինիզմ եւ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ, ավտոմքենան վարել է Երևանի քաղաքապետարանի մուտքի սատիճանների վրայով, ապա շշով բենզին է լցրել Նիվայի վրա ու ցանկացել այրել այն:
Կատարվում է հետաքննություն։