12 մարտի 2019 - 15:00 AMT
ԲՀԿ-ն աշխատանքից ազատելը հեշտացնող առաջարկ էր արել․ Նախագիծը մերժվել է

ՀՀ կառավարության որոշմամբ մերժվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Դրանով գործատուին հնարավորություն էր ընձեռնվում աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ պայմանագրով սահմանված պարտականություններն մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում:

Կառավարությունը որոշել է օրենսգիրքը թողնել անփոփոխ, նկատի ունենալով, որ միշտ չէ, որ գործատուի կողմից հնարավոր կլինի հիմնավորել և ապացուցել աշխատողի՝ մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում պարտականություններ առանց հարգելի պատճառի չկատարելը:

Նշվում է, որ կան այնպիսի ոլորտներ, որտեղ նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ աշխատողի համար ամբողջությամբ սահմանել օրվա կտրվածքով աշխատանքային պարտականությունները:

«Բացի այդ առաջարկվող կարգավորումների պարագայում մեծանում է գործատուի կողմից սուբյեկտիվ որոշումների ընդունման ռիսկը», - ասված է հիմնավորման մեջ: