13 մարտի 2019 - 11:46 AMT
Վենեսուելայում ջրամատակարարման խափանումներ են

Էլեկտրաէներգիայի տևական բացակայությունը Վենեսուելայում հանգեցրել է մի շարք քաղաքների ջրամատակարարման խափանումների: Խմելու ջրի պակասի պատճառով երկրի բնակիչներից շատերը ստիպված են գետերի ու այլ ջրամբարների աղտոտված ջուրն օգտագործել:

Որոշ վայրերում խմելու ջուր կարելի է գնել միայն դոլարով:

Կարակասի արևելյան շրջանների բնակիչները շարժվել են դեպի աղտոտված Գուայրե գետը՝ տարաները լցնելու համար: Երբ ոստիկանությունը փակել է ճանապարհը, մարդիկ սկսել են բղավել. «Կոկորդներս չորացել է»,-գրում է Deutsche Welle-ն:

Երկրում էլեկտրականության բացակայության պատճառով նախագահ Մադուրոյի հրամանով մարտի 13-ին դպրոցները էլի չեն աշխատի: Բացի այդ, նա հրահանգել է հումանիտար օգնություն հասցնել հիվանդանոցներ:

Ըստ ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյի, բլեքաութի սկզբից ի վեր արդեն երիկամների հիվանդությամբ 20 մարդ է մահացել, քանի որ հնարավոր չի եղել դիալիզ անցկացնել: Մադուրոյի կառավարությունը հերքում է այդ տեղեկատվությունը:

Ընդհանուր ճգնաժամային վիճակը վատթարացել է մարտի 12-ին Կարակասի արվարձան Բարուտայում էլեկտրակայանի պայթյունի հետևանքով, որը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում, հայտնում է AP-ն:

Վթարի վայր ժամանած ինժեներներին չի հաջողվել վերականգնել տրանսֆորմատորները: