13 մարտի 2019 - 15:03 AMT
Պաշտոնյաները կշարունակեն հին կարգով հայտարարագիր ներկայացնել

ԱԺ մարտի 13-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագիծը, որով պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները 2018 թվականի տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնելու մինչև 2019 թվականի մայիսի 31-ը:

2017-ին նախորդ գումարման ԱԺ-ն ընդունել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու մասին» օրենք, որի համաձայն` հանձնաժողովը պետք է ստեղծվեր 2018-ի ընթացքում և գործեր ընթացիկ տարվա հունվարի 1-ից։

ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի խոսքով, փաստացի այդ հանձնաժողովը չի ստեղծվել:

«Ընդ որում հանձնաժողովի չստեղծմամբ խոչընդոտներ են առաջացել գույքի և եկամուտների հայտարարագրման հետ ապված. օրենքով հստակ ամրագրված է պահանջ, որ հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնեն հայտարագրեր, միևնույն ժամանակ չկա այն մարմինը, որտեղ պետք է ներկայացվի այդ հայտարարագիրը, քանի որ այս տարվանից պետք է ներկայացվեին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը չի ստեղծվել»,- ասել է նա։

Գործադիրն առաջարկում է երկարաձգել նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու որոշումը, որպեսզի 2020 թվականի հունվարի 1-ից հայտարարագրման նոր մեխանիզմ ներդրվի։