14 մարտի 2019 - 12:42 AMT
Անցորդները թույլ չեն տալիս սրճարանի աշխատողներին աղբամաններով փակել փողոցը

Օպերայի հարակից տարածքների ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները, որոնք արգելափակել են Մաշտոցի պողոտան, փորձում էին բարիկադներ կառուցել աղբամաններով և նստարաններով:

Անցորդները ցուցարարներին սակայն թույլ չեն տվել աղբամանն օգտագործել՝ դիմադրելով նրանց:

Եվս երկու անցորդ ազատել է փողոցները նստարաններից՝ տեղափոխելով դրանք իրենց տեղերը:

Ոստիկաններն այժմ ազատում են պողոտան ցուցարաներից: Սրճարանների ապամոնտաժումը շարունակվում է:

Ավելի վաղ քաղաքապետարանը սկսել էր նշված տարածքներում գործող սրճարանների ապամոնտաժումը, սակայն դիմադրության էր հանդիպել այստեղ աշխատողների և ղեկավարների կողմից:

Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։

Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից, սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և մարտի 13-ին արդեն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները սկսել են ապամոնտաժել համայքի հողի վրա գոյություն ունեցող կառույցները՝ կանաչապատման աշխատանքներն սկսելու համար։