14 մարտի 2019 - 17:24 AMT
Թաղապետ. Ուղղորդված են, այլ սրճարանները եկել, աշխատանք էին առաջարկում, որևէ մեկը չմոտեցավ

Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ քաղաքապետարանը օրենքով սահմանված կարգով մեկ ամիս առաջ ծանուցել է Օպերայի հարակից տարածքների սրճարանատերերին, որ պետք է ապամոնտաժվեն:

Նա ասել է, որ այս ակցիայի մասնակիցներից շատերն ուղղորդված են:

«Դուք սեփական աչքերով տեսաք, որ այլ սրճարանների աշխատակիցները եկել էին իրենց մոտ աշխատանք առաջարկելու, սակայն տեսաք ինչպես վերաբերվեցին այդ մարդկանց: Սարյանի, Կասկադի սրճարանների աշխատակիցները եկել աշխատանք էին առաջարկում, որևէ մեկը չմոտեցավ, հստակ ուղղորդված են», - ասել է թաղապետը:

Ավելի վաղ սրճարանների աշխատողները վիրավորել են իրենց աշխատանք առաջարկած այլ սրճարանի ներկայացուցչին:

Նա նաև նշել է, որ բոլոր սրաճարաններն ունեն իրենց այն հատվածը, որը չի ապամոնտաժվելու:

«Այս սրճարանների տերերը գերշահույթ են ստանում, և որևէ մեկը պնդիր չունի ընտանիք պահելու: Ավելին, մենք հնարավորություն ենք տվել զբոսայգու աղեղաձև հատվածում իրենց գործունեությունը շարունակելու», - ասել է նա:

Օպերայի հարակից տարածքների ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներն արգելափակել էին Մաշտոցի պողոտան: Ոստիկաններն ազատել են պողոտան ցուցարաներից:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով երևանցիներին Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման գործընթացին: