18 մարտի 2019 - 13:24 AMT
Եթովպիայի և Ինդոնեզիայի ավիավթարների միջև նմանություն են գտել

Մարտի 10-ին Եթովպիայում վթարի ենթարկված «Բոինգի» ինքնագրիչների վերլուծությունը հաստատել է «ակնհայտ նմանությունը» Ինդոնեզիայի ավիավթարին: Այդ մասին հայտարարել է Եթովպիայի տրանսպորտի նախարար Դագմավիտ Մոգեսը:

Վերլուծությունն իրականացրել են Քաղավիացիայի անվտանգության վերլուծության և հետաքննության ֆրանսիական բյուրոյի փորձագետները: Նրանք տվյալները փոխանցել են Եթովպիայի կառավարությանը, սակայն մանրամասներ չեն հրապարակվում: Ըստ պաշտոնյայի, ինքնագրիչները լավ վիճակում են եղել, ինչը թույլ է տվել փորձաքննության ենթարկել «գրեթե բոլոր գրանցված տվյալները: Կառավարությունը մտադիր էվմանրամասն զեկույց ներկայացնել, հայտարարել է Մոգեսը, գրում է Deutsche Welle-ն:

Boeing 737 Max 8 ինքնաթիռը մարտի 10-ին Եթովպիայի մայրաքաղաքից թռչելուց որոշ ժամանակ անց ընկել է ծովը: Մահացել է 149 ուղևոր և անձնակազմի 8 անդամ: 2018-ի հոկտեմբերին Ինդոնեզիայում աղետի ենթարկվեց նույն տիպի ինքնաթիռը, որը Ջակարտայից Պանկալպինանգ էր թռչում: Կապն ինքնաթիռի հետ կորել էր թռիչքից 13 րոպե անց: Ինքնաթիռում 181 ուղևոր կար և անձնակազմի 8 անդամ:

Եթովպիայի վթարից հետո ամերիկյան Boeing ավիակոնցերնը խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ 737 Max տիպի բոլոր ինքնաթիռների շահագործումից: Դրանց շահագործումը կասեցվել է մոտ 50 երկրում: