ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նիստում 2018 թվականի կատարողականների քննարկման ժամանակ հայտնել է, որ Գեղարքունիքի մարզում կա 1 դպրոց, որն ունի 1 աշակերտ:
«Նրա վրա տարեկան 19 մլն դրամ է ծախսվում, նա թերևս աշխարհի ամենաթանկարժեք աշակերտն է», - նկատել է նախարարը:
Հարությունյանը հայտնել է, որ աշակերտին բերել են բոլորովին այլ մարզից, որ դպրոցը շարունակի գործել:
«Հիմա մենք մարզպետի հետ քննարկում են, թե ինչպես լուծել հարցը: Եթե այս աշակերտը մնալու է, մենք կարող ենք նրան շքեղ մեքենա գնել, թանկարժեք վարորդ վարձել, ավելի էժան կնստի, քան այն, ինչպես մենք հիմա ֆինանսավորում ենք», - ասել է նա:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մարզային համայնքներում նման խնդիրը լուծելու տարբերակներ են քննարկվում, և թերևս ամենաարդյունավետը հարակից համայնքների աշակերտների միավորումն է:
«Կան բազմահամակազմ դասարաններ, երբ հինգերորդ և վեցերորդ դասարանները միացված են մեկ դպրոցում և ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա են, պետք է աշխատենք, որ մեկ դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտները գնան մեկ դպրոց, նրանց դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտները գան մյուս դպրոց», - ասել է նախարարը: