21 մարտի 2019 - 14:05 AMT
Դիրքապահների ծառայությունը կարող է կրճատվել, մյուսներինը՝ ավելանալ

Կառավարության մարտի 21-ի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ նախարարությունը քննարկում է մարտական հերթապահությանն ընդգրկված ժամկետային զինծառայողների պարտադիր ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետն ավելացնելու հնարավորությունը:

Նախարարը կառավարության նիստում ներկայացրել է նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։

Դրանով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման, զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական երաշխիքների ապահովման հետ կապված մի շարք հարաբերություններ։

«Մասնավորապես, նախագծի երկրորդ հոդվածով նախատեսվույմ է քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմումը կառավարոթւյան լիազոր պետական մարմնի կողմից մերժելու հնարավորությունը: Խոսքը վերաբերում է հիմնականում 26 տարին լրացած զինածառայողներին, որոնք մի քանի տարկետումների արդյունքում հասնում են 26 տարեկանի», - ասել է նախարարը:

Նախագծի երրորդ հոդվածի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք է սահմանված միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող անձանց համար: Չորրորդ հոդվածով նախատեսվում է, որ միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցում է միայն մեկ եղբայրը։

«Իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմանները, օրինակ, առոջաղական վիճակ, պատվոպահակային վաշտ, նվագախումբ և այլն», - ասել է նախարարը։

Մի շարք հոդվածներով հստակեցվում են պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ժամկետները, վերականգնվում է նախկինում գործող պայմանագրային զինվորական ծառայության ընդունելու տարիքը։

«Նախկինում 40-ը իջեցվել էր 36-ի, վերականգնում ենք 40 տարեկանը», - ասել է Տոնոյանը։

Նախագծով հնարավորություն է տրվում մատչելի և երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրին ընդգրկվել նաև ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին, իսկ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու գործընթացը նախատեսվում է իրականացնել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, իսկ այդ կարգավիճակի շնորհումը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

«Զինծառայողների և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման շրջանակներում վերացվում է թերկարգավորումը, քանի որ բնակարանային ապահովությունն ընդգրկում է ոչ միայն սեփականության իրավունքով անհատույց բնակարանի տրամադրումը, այլ նաև անհատույց պետական ֆինանսական աջակցության և տնամերձ հողամասով ապահովման ձևերը», - նշել է նախարարը։