4 օգոստոսի 2008 - 15:57 AMT
Թուրքական Նեվշեհիր քաղաքի համալսարանում բացվում է հայոց լեզվի եւ գրականության բաժին
Թուրքիայի Բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովը երկրի ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելուց հետո թույլ է տվել թուրքական Նեվշեհիր քաղաքի համալսարանում բացել հայոց լեզվի եւ գրականության բաժին: Թույլտվությունը ստացվեց համալսրանի գրականության դեկան Մեթին Հյուլագյուի դիմումին ի պատասխան:

Ըստ պրոֆեսորի, բաժնի ստեղծումը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների ջերմացմանը: Հաշվի առնելով ուսուցիչների բացակայությունը, համալսարանն արդեն իսկ դիմել է Թուրքիայի հայ համայնքի հոգեւոր առաջնորդ Մեսրոբ Երկրորդին: Նա չի բացառում, որ կարող են ուսուցիչներ հրավիրվել նաեւ Հայաստանից:

Պրոֆեսոր Հյուլագյուն այցելել է Հայաստան, որտեղ կապեր է հաստատել Երեւանի համալսարանի դասախոսների հետ: Ուսանողների ընդունելությունը կսկսվի 2009 ուստարվանից: Ներկայումս հայոց լեզու է դասավանդվում Ստամբուլի Բողազիչի համալսարանում:

Նեվշեհիր քաղաքը գտնվում է կենտրոնական Թուրքիայում, որտեղ է գտնվում նաեւ աշխարհահռչակ տուրիստական կենտրոն Կապադովկիան: Նեվշեհիրի համալսարանը բացվել է 2007թ. մայիսի 17-ին, հաղորդում է ադրբեջանական Թրենդ News գործակալությունը: