«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարության կառուցվածքի հետ կապված իր առաջարկը կներկայացնի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա ընդգծել է, որ իրենց առաջարկն ուղղված է ոչ թե քննադատելու եղած առաջարկները, այլ ներկայացնելու այլընտանքային կառուցվածքային ծրագիր, հայտնում է Aysor.am-ը:
«Գրեթե ավարտել ենք, մեր ներկայացված կառուցվածքն իր մեջ ունի և՛ օպտիմալացում՝ ուռճացված կառավարության հետ կապված, և՛ խորհրդարանական վերահսկողություն: Այսինքն՝ չի մնում որևէ մարմին, որը խորհրդարանական վերահսկողությունից դուրս կլինի», - ասել է Մարուքյանը:
Իր առաջարկի մասին մանրամասներ խմբակցությունը կհրապարակի մարտի 27-ին:
Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին օրենքում կատարվող փոփոխություններով՝ նախարարությունների թիվը 17-ից կրճատվել է 12-ի: Խոսվում է մոտ 10,000 մարդ կրճատելու մասին: Մարզպետարաններում նախատեսվում է աշխատակազմերի մինչև 30 %-ը կրճատել: