27 մարտի 2019 - 14:06 AMT
26.5 մլն դրամ՝ ՄԻՊ-ի լիազորությունների ընդլայնմանը

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին կհատկացվի ավելի քան 26.5 մլն դրամ՝ պայմանավորված Պաշտպանի նոր լիազորությունների սահմանմամբ և առկա լիազորությունների շրջանակների ընդլայնմամբ:

Սահմանադրական նոր գործառույթների հիման վրա Պաշտպանին իրավունք է վերապահվել քննարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների, հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը:

Սահմանադրական օրենքով ամրագրվել է, որ անձի գրավոր համաձայնությամբ նրա իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել նաև հասարակական կազմակերպությունները։

Բողոքների թվի համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2016 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5113, 2017 թվականին հասցեագրված դիմումների ու բողոքների թիվն կազմել է 6417, 2018 թվականին այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10,673 դիմում-բողոք:

Բողոքների աճը կրում է շարունակական բնույթ և 2018 թվականի տվյալները վկայում են դրա շեշտակի աճի մասին: Բողոքների թվի աճով և մշտադիտարկման լիազորություններով պայմանավորված ավելանում են նաև իրականացվող այցերը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, նախորդ 4 տարվա հետ համեմատած, կրկնակիից ավելի աճել են ինչպես արագ արձագանքման, այնպես էլ ազատությունից զրկման վայրեր իրականացված այցերը: Այսպես, 2014 թվականին ընդհանուր առմամբ իրականացվել է 458 այց, 2015 թվականին՝ 586, 2016 թվականին՝ 415, 2017 թվականին՝ 614, 2018 թվականին՝ 1134:

Զուգահեռ աճում է նաև արդյունավետությունն ու դրական գործերի քանակը: Այսպես, Պաշտպանի իրավասությանը վերաբերող անհատական գործերով վերջին 5 տարիների տվյալների համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2013 թվականին դրական լուծում ստացած բողոքների թիվը կազմել է 347, 2014 թվականին՝ 385, 2015 թվականին՝ 498, 2016 թվականին՝ 444, 2017 թվականին այդ ցուցանիշը շուրջ երկու անգամ ավելացել է՝ դառնալով 845, իսկ արդեն 2018 թվականին՝ 1576: