ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ Սիրիա առաքելություն ուղարկելով Հայաստանը պատմական պարտքն է վերադարձնում այդ երկրի ժողովրդին։
«Հայ բժիշկներն այդ երկրում արդեն 100-ից ավելի բժշկական միջամտություն են արել: Եթե հայ բժիշկն այսօր այնտեղ փրկել է մի մարդու կյանք, ում պապը 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր մի հայրենակցի է օգնել` մի բաժակ ջուր է տվել կամ մի կտոր հաց, ես համարում եմ, որ մենք դրանով մեր պատմական պարտքը վերադարձնում ենք Սիրիայի ժողովրդին»,- ասել է վարչապետը:
Նա նշել է , որ Սիրիայում ականապատված տարածքներում երեխաներ են վազվզում ու խաղում, և հայ սակրավորներն ականազերծում ու դրանով փրկում են իրենց պապերին Սիրիայում փրկած մարդկանց ժառանգներին:
Փաշինյանը հավելել է, որ խաղաղապահ առաքելությունը ունի նաև վտանգներ:
«Սակայն այն մեծացնում է Հայաստանի ինքնիշխանությունն ու միջազգային սուբյեկտ լինելու ընկալումը: Դրանով այս առաքելությունը բարոյապես, մարդկայնորեն ու քաղաքականապես ճիշտ առաքելություն է», - ասել է նա:
Հայաստանը 83 հոգուց բաղկացած հայ մասնագետների խումբ է ուղարկել Սիրիա։ Խմբի կազմում են ականազերծողներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։