5 ապրիլի 2019 - 18:35 AMT
ԱԳ նախարար. Շարունակելու ենք առաջ մղել ցեղասպանության կանխարգելման օրակարգը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ռուանդայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Դոնատիլ Մուկաբալիսայի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, շարունակելու է հետևողականորեն առաջ տանել ցեղասպանության կանխարգելման օրակարգը:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, զրուցակիցները շեշտել են այդ հարցում միջազգային հարթակներում Հայաստանի և Ռուանդայի համատեղ ջանքերի ներդրման կարևորությունը:

Դոնատիլ Մուկաբալիսան ողջունել և բարձր է գնահատել Զոհրաբ Մնացականյանի մասնակցությունը Ռուանդայի ցեղասպանության 25-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ներկայացնելով Թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և դրան հաջորդած զարգացումները, Մնացականյանն ընդգծել է, որ կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրագործվող բարեփոխումներն ուղղված են երկրում ժողովրդավարության ամրապնդմանը և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

Մնացականյանը Ռուանդայում է պաշտոնական այցով: