8 ապրիլի 2019 - 15:52 AMT
Ըստ Բաքվի՝ Ադրբեջանի բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին, անդրադառնալով ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը պետք է իր բանակը խաղաղության պատրաստի, ասել է, որ Ադրբեջանի բանակը պատերազմի է պատրաստ:

«Աշխարհում չկա այնպիսի երկիր, որի բանակը խաղաղության է պատրաստվում: Բանակի խնդիրը ոչ թե խաղաղության, այլ պատերազմին պատրաստվելն է, մշտապես մարտական պատրաստականության վիճակում գտնվելը»,-ասել է նա, հայտնում է Haqqin.az-ը:

«Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը, եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա հայ զինվորները պետք է անհապաղ հեռանան ադրբեջանական հողերից: Իսկ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է գիտակցի, որ ադրբեջանական բանակը կկարողանա մտածել խաղաղության մասին միայն գրավյալ տարածքների ազատագրումից հետո: Իսկ ներկայիս պայմաններում Ադրբեջանի բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի,-ասել է նա:

ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով իր հայտարարությունից հետո Ադրբեջանից հնչած ռազմատենչ հայտարարություններին, ասել է. «Մենք ոչ թե պատերազմ ենք ցանկանում, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակին խաղաղության»:

Մինչ այդ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել էր. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:Այս հայտարարությունից հետո Ադրբեջանից՝ տարբեր մակարդակներում հնչեցին ռազմատենչ հայտարարություններ։