11 ապրիլի 2019 - 16:01 AMT
Վարչապետը՝ ԼԳԲՏ-ի մասին․ ՀՀ-ում բոլորն ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները

ՀՀ-ում օրենքի գերակայություն է, և բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները։

Այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատվիրակներից մեկի հարցին քրիստոնյա ԼԳԲՏ անձանց ֆորումի չեղարկման ու նրանց վրա ճնշման վերաբերյալ:

Նա շեշտել է, որ առանձնապես տեղեկացված չէ խնդրի բուն էությանը։

«Չեմ կարող ասել պատճառները, թե ինչու է չեղարկվել ու երբ էր պլանավորվել այդ միջոցառումը։ Ես խնդրին տեղյակ եմ սոցցանցերում արված 1-2 գրառման շրջանակում ու առավել մանրամասն պատասխան տալ չեմ կարող», - ասել է նա։

2018-ի նոյեմբերին Երևանում պիտի տեղի ունենար «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը», որը, սակայն, չեղարկվել էր հասարակության որոշ շերտերի ու գործիչների արձագանքից հետո։