12 ապրիլի 2019 - 10:51 AMT
Բաքուն արձագանքել է Փաշինյանի ստրասբուրգյան հայտարարություններին

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Ստրասբուրգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին դադարեցնել «ռազմական հռետորաբանությունն ու հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքներից»։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան ասել է, որ Բաքուն կոչ է անում ՀՀ վարչապետ Փաշինյանին անհապաղ դուրս բերել հայկական զորքերը «Ադրբեջանի գրավյալ տարածքներից՝ ապահովելու համար ուժի չկիրառումը ղարաբաղյան հակամարտության գոտում»:

«Ի պատասխան առաջարկում ենք ՀՀ վարչապետին քայլեր ձեռնարկել անհապաղ դուրս բերելու համար հայկական զինված ուժերն Ադրբեջանի տարածքներից միջազգային հանրության պահանջների հիման վրա՝ հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և բարգավաճման»,-ասել է նա, հայտնում է Interfax.az-ը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել էր, որ Երևանը Բաքվին առաջարկում է հրաժարվել «սպառնալիքների լեզվից» և հույս հայտնել, որ ադրբեջանական կողմը կարձագանքի այդ կոչին: Նա հավելել էր նաև, որ «հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության»՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանում նույնպես դա կանեն: