12 ապրիլի 2019 - 16:34 AMT
Լուսանկարիչ Դիանա Մարկոսյանը հաղթել է World Press Photo-ի անվանակարգերից մեկում

Ռուսաստանաբնակ լուսանկարիչ Դիանա Մարկոսյանը հաղթել է World Press Photo լուսանկարչական մրցույթի «Արդիականության խնդիրները» անվանակարգում: Հաղթողները հայտնի են դարձել ապրիլի 11-ին Ամստերդամում:

«Կուբանիտա» լուսանկարում պատկերված է Պուրա անունով աղջիկը, որը շրջում է Հավանայի թաղամասով 1950-ականների վարդագույն կաբրիոլետով, մինչ տեղի բնակիչները հավաքվում են տոնելու նրա 15-րդ տարեդարձը, գրում է ՏԱՍՍ-ը:

Լատինական մշակույթում այդ տարեդարձն առանձնահատուկ է և խորհրդանշում է, որ աղջիկը պատրաստ է ընտանիք կազմել: Այդ կապակցությամբ ընտանիքը սովորաբար շռայլում է և ճոխ տոնակատարություն է կազմակերպում: Ինքը աղջիկը հագնվում է ինչպես հեքիաթային մի արքայադուստր և փաստացի մի ամբողջ ներկայացման գլխավոր հերոսն է դառնում, իրադարձության, որը լուսանկարվում և տեսագրվում է: Պուրայի համար տոնն առանձնահատուկ է նաև այն պատճառով, որ մի քանի տարի առաջ բժիշկները գլխուղեղի ուռուցք էին հայտնաբերել նրա մոտ և ասել էին, որ նա 13 տարուց ավելի չի ապրի:

World Press Photo-ն ամենահեղինակավոր լուսանկարչական մրցույթն է, որն առաջին անգամ անցկացվել է 1955-ին: Մրցույթի նպատակն է սատարել լուսանկարչության բարձր չափանիշներին ֆոտոլրագրության և ֆոտովավերագրության ոլորտներում: